ՄԵԿ ԱՐԵՆԱ • ՄԵԿ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՈՒՂԻ
Darts Arena-ում յուրաքանչյուր տուր պարզապես հերթական մրցում չէ։ Այն միավորում է ընկերությունը, մարզական պայքարը, ազարտը, լարվածությունը։ Յուրաքանչյուր լիգա ունի իր խաղային առանձնահատկությունները, բոնուսային համակարգն ու հատուկ մարտահրավերները, իսկ բոլոր արդյունքները կազմում են մեկ միասնական մրցակցային ուղի։
Յուրաքանչյուր լիգա բաղկացած է վարկանիշային տուրերից և ավարտվում է Գրանդ ֆինալով՝ ավելի բարձր լարվածությամբ, մեծ մրցակցությամբ, հատուկ մրցանակներով և առանձնահատուկ մթնոլորտով։ Գրանդ ֆինալում խաղացողի մեկնարկային դիրքը կախված է տվյալ լիգայի հիմնական տուրերում կուտակած միավորներից։ Մրցանակների տեսակներն ու անվանակարգերը հայտարարվում են առանձին։
Տուրերի քանակը, խաղաձևը, միավորներն ու բոնուսները, մասնակցության վճարներն ու բաժանորդագրությունը, մրցանակային ֆոնդը և դրա բաշխումը, ինչպես նաև յուրաքանչյուր լիգայի այլ հատուկ պայմաններ հայտարարվում են տվյալ լիգայի նկարագրության մեջ։ Եթե լիգայի նկարագրությունը սահմանում է այս կանոնակարգից տարբերվող պայման, տվյալ լիգայի համար գործում է նրա նկարագրությունը։
Darts Arena-ի լիգաներն ու Գրանդ ֆինալները փոխկապակցված են ընդհանուր վարկանիշային համակարգով։ Դրանցում գրանցած արդյունքները կարող են ազդել Հայաստանի առաջնություններում խաղացողի մեկնարկային դիրքի վրա։ Մեկնարկային դիրքը որոշելիս հաշվի են առնվում խաղացողի վերջին 12 ամիսների երեք լավագույն արդյունքները։ Միավորների կիրառման ճշգրիտ սանդղակը հրապարակվում է Հայաստանի յուրաքանչյուր առաջնության առանձին կանոնակարգում։
Darts Arena-ն տարեկան կազմակերպում է Հայաստանի չորս գլխավոր առաջնություն։ Դրանք տարվա ամենամասշտաբային միջոցառումներն են և ամբողջ մրցաշրջանի արդյունքները միավորում են մեկ գլխավոր մրցակցային հարթակում։ Յուրաքանչյուր առաջնության անցկացման ճշգրիտ ամսաթիվը հրապարակվում է առանձին հայտարարությամբ։
Գրանցում, վիճակահանություն, ուշացումներ, միավորների հաշվարկ, խաղային կարգապահություն և 1-ից 24 մասնակիցների համար ֆիքսված ձևաչափեր։
Telegram-ում անցկացվող քվեարկությունը տվյալ տուրին մասնակցել ցանկացող խաղացողների նախնական ցուցակն է։
Վերջին հայտերն ընդունվում են մինչև տուրի մեկնարկից 20 րոպե առաջ։ Մինչև այդ պահը խաղացողը կարող է գրանցվել, հանել իր մասնակցությունը կամ հայտնել ուշանալու մասին։
Մեկնարկից 20 րոպե առաջ ցուցակը փակվում է։ Այդ պահին «+» նշած և մասնակցությունից չհրաժարված խաղացողները համարվում են հաստատված մասնակիցներ։ Փակված ցուցակի հիման վրա ձևավորվում են խմբերը։
Խմբերի կազմման ժամանակ հաշվի են առնվում նաև այն խաղացողները, որոնք մինչև վերջնաժամկետը հաստատել են մասնակցությունը և հայտնել են ուշանալու մասին։ Վերջնական ցուցակի փակումից հետո նոր մասնակից չի ավելացվում։
Մեկ տուրին կարող է մասնակցել առավելագույնը 24 խաղացող։ Այդ սահմանը լրանալուց հետո գրանցվողները մտնում են սպասման ցուցակ՝ գրանցման հերթականությամբ, և մասնակցում են միայն տեղ ազատվելու դեպքում՝ մինչև ցուցակի փակումը։
Յուրաքանչյուր լիգայի առաջին տուրում խմբերի կազմը որոշվում է բաց վիճակահանությամբ։ Նախկին ընդհանուր վարկանիշը առաջին տուրի խմբերի ձևավորման համար չի կիրառվում։
Երկրորդ և հաջորդ տուրերում խմբերի բաժանման հիմքում տվյալ լիգայում նախորդ տուրերից հետո ձևավորված վարկանիշն է։ Խաղացողները խմբերի միջև բաշխվում են «օձի» սկզբունքով՝ վարկանիշային աղյուսակի 1-ին տեղը՝ առաջին խմբում, 2-րդը՝ երկրորդ խմբում և այլն մինչև վերջին խումբը, ապա հաջորդ շարքը բաշխվում է հակառակ հերթականությամբ։ Վարկանիշ չունեցող նոր խաղացողների դիրքը խմբերի ձևավորման ժամանակ որոշվում է վիճակահանությամբ։
Հավասար վարկանիշային միավորներ ունեցող մասնակիցները զբաղեցնում են նույն տեղը։ Աղյուսակում նրանց ցուցադրման հերթականությունը որոշվում է ազգանունների հայերեն այբբենական կարգով, իսկ նույն ազգանվան դեպքում՝ անունների այբբենական կարգով։ Այս հերթականությունը չի փոխում նրանց հավասար տեղը կամ միավորների քանակը։
Տեղերը համարակալվում են առանց բացթողման։ Եթե երկու մասնակից զբաղեցնում են 2-րդ տեղը, նրանց հաջորդող մասնակիցը զբաղեցնում է 3-րդ, ոչ թե 4-րդ տեղը։
Խմբերի հրապարակումից հետո խաղացողների անհատական փոխանակումներ չեն կատարվում։ Փոփոխություն թույլատրվում է միայն ակնհայտ տեխնիկական սխալի կամ մինչև առաջին հանդիպման մեկնարկը մասնակցի վերջնական հրաժարվելու դեպքում։ Փոփոխությունը կատարվում է բաց եղանակով։
Ուշացող խաղացողը պետք է այդ մասին տեղեկացնի մինչև վերջնական ցուցակի փակումը։ Նա ներառվում է խմբում, և հնարավորության դեպքում նրա առաջին հանդիպումը նշանակվում է ավելի ուշ։ Ուշացումը չի կարող կանգնեցնել ամբողջ տուրը կամ մյուս խաղացողներին պարտադրել անորոշ ժամանակով սպասել։
Եթե տուրի պաշտոնական մեկնարկից անցել է 15 րոպե, հասել է ուշացող խաղացողի հանդիպման հերթը, իսկ նա դեռ չի ներկայացել և խաղացանկը կանգ է առնում, ներկա խաղացողին գրանցվում է հաղթանակ W, իսկ բացակայողին՝ պարտություն L։ Դրանից հետո սկսվում է հաջորդ հասանելի հանդիպումը։ W հաղթանակը խմբային աղյուսակում գրանցվում է որպես հաշվով հաղթանակ՝ տվյալ լիգայի համար սահմանված լեգերի քանակով (օրինակ՝ 2:0)։ Այդ հաշվի լեգերը վարկանիշային միավորների հաշվարկում չեն մտնում։
Եթե ուշացող խաղացողը հետագայում ներկայանում է, նա շարունակում է մասնակցությունը և խաղում է մնացած հանդիպումները։ Արդեն գրանցված W/L արդյունքով հանդիպումը չի վերախաղարկվում։
Եթե հաստատված մասնակիցն ընդհանրապես չի ներկայանում, նույն W/L սկզբունքը կիրառվում է նրա բոլոր չկայացած հանդիպումների նկատմամբ։
Մինչև տեխնիկական W/L արդյունքի գրանցումը բացառիկ իրավիճակը կարող է լուծվել այլ կերպ, եթե տվյալ տուրին մասնակցող բոլոր խաղացողները համաձայն են, իսկ կազմակերպիչը հաստատում է որոշումը։ Այն կարող է վերաբերել միայն տվյալ օրվա հանդիպումների հերթականությանը, սպասման ժամկետին կամ կոնկրետ չկայացած հանդիպմանը և չի կարող փոխել լիգայի ձևաչափը, խմբերի կազմը, հաջորդ փուլ անցնողների քանակը կամ միավորների հաշվարկման կանոնները։ W/L արդյունքի գրանցումից հետո բացառություն չի կիրառվում։
Վարկանիշային միավորները տրվում են միայն պաշտոնապես խաղացված և հաստատված արդյունքների համար՝ ստորև նշված տեսակներով։ Յուրաքանչյուր տեսակի միավորի արժեքը սահմանվում է տվյալ լիգայի նկարագրությամբ և կարող է տարբերվել լիգաների միջև։
Բոլոր շեմերը հաշվարկվում են առանձին՝ յուրաքանչյուրն իր միավորով։ Եթե ամենակարճ լեգի արդյունքը հավասար է մի քանի խաղացողների մոտ, միավորը տրվում է նրանցից յուրաքանչյուրին։ Գրանդ ֆինալի միավորները սահմանվում են 1․7․3 կետի համաձայն։
Խաղացողի արդյունքը տվյալ լիգայում կազմվում է լիգայի տուրերում և Գրանդ ֆինալում հավաքած բոլոր միավորների գումարից։ Յուրաքանչյուր տուր ունի իր հաղթողն ու իր միավորները, իսկ Գրանդ ֆինալն ունի իր հաղթողը և տեղերի համար սահմանված իր առանձին միավորները։
Տեխնիկական W/L արդյունքը չի ստեղծում շահած կամ պարտված լեգեր, չի ավելացնում վարկանիշային միավորներ և չի մտնում խաղային վիճակագրության մեջ։
Darts Arena-ի յուրաքանչյուր լիգա ունի իր բոնուսային համակարգը։ Որոշ լիգաներում այն կարող է նույնը լինել, իսկ մյուսներում՝ տարբերվել։ Բոնուսների տեսակները, դրանց արժեքը և հաշվարկման կարգը հրապարակվում են տվյալ լիգայի նկարագրության կամ հրահանգի մեջ։
Բոնուսային միավորները տրվում են միայն պաշտոնապես խաղացված և հաստատված արդյունքների համար։ Դրոտիկները չի կարելի հանել թիրախից մինչև վիճելի արդյունքի հաստատումը։
Նույն խմբային փուլի բոլոր խմբերում խաղերն անցկացվում են նույն երկարությամբ։ Փոքր խմբում խաղերը չեն երկարացվում միայն միավորների քանակը հավասարեցնելու նպատակով։
Տարբեր քանակի խաղացողներով խմբերի դեպքում համակարգը դիտարկվում է ամբողջությամբ՝ հաշվի առնելով ոչ միայն միավորներ հավաքելու հնարավորությունը, այլ նաև հաջորդ փուլ անցնելու ռիսկն ու խաղային ծանրաբեռնվածությունը։
5 հոգանոց խմբի յուրաքանչյուր մասնակից մեկ հանդիպում ավելի է անցկացնում։ Դա տալիս է լրացուցիչ լեգերի և տվյալ լիգայով նախատեսված բոնուսների համար միավորներ հավաքելու հնարավորություն։ Միաժամանակ այդ խմբի խաղացողներից մեկը չի անցնում հաջորդ փուլ, իսկ լրացուցիչ հանդիպումը մեծացնում է հոգնածությունն ու կարող է ազդել փլեյ-օֆֆի արդյունքների վրա։
4 հոգանոց խմբում միավորներ հավաքելու հնարավորությունն ավելի փոքր է, սակայն բոլոր չորս խաղացողներն անցնում են հաջորդ փուլ և մեկ հանդիպում պակաս են անցկացնում։ Այսպիսով՝ մի ձևաչափի առավելությունը հավասարակշռվում է մյուս ձևաչափի ռիսկով և ծանրաբեռնվածությամբ։
Մեկ տուրի բոլոր նախատեսված հանդիպումները, ներառյալ խմբային փուլը, փլեյ-օֆֆն ու եզրափակիչը, ավարտվում են նույն օրը։ Դրանք չեն տեղափոխվում այլ օր՝ հոգնածության, ուշ ժամի, անձնական ծրագրերի կամ խաղացողների միջև պայմանավորվածության պատճառով։
Եթե խաղացողը տուրի ընթացքում չի կարող կամ հրաժարվում է շարունակել, արդեն խաղացված հանդիպումների արդյունքները պահպանվում են։ Մնացած հանդիպումներում գրանցվում են W/L արդյունքներ՝ առանց լեգերի հաշվի և բոնուսային միավորների։
Եթե մրցաշարը հնարավոր չէ շարունակել ամբողջ միջոցառման վրա ազդող տեխնիկական խնդրի կամ ֆորս-մաժորի պատճառով, հետագա որոշումը կայացնում և բոլոր մասնակիցներին հայտարարում է Darts Arena-ն։
Եթե տուրը չի կայանում (օրինակ՝ մեկ մասնակցի դեպքում), այն չի վերախաղարկվում, վճարված մասնակցության վճարը վերադարձվում է, իսկ բաժանորդագրությամբ այցելությունը չի հանվում։
Այս կանոնը կիրառվում է միայն այն դեպքում, երբ տարբեր խմբերում նույն տեղը զբաղեցրած խաղացողներից պետք է ընտրվեն հաջորդ փուլ անցնողները կամ որոշվի նրանց դիրքը փլեյ-օֆֆի ցանցում։ Լրացուցիչ հանդիպում չի անցկացվում։ Համեմատությունը կատարվում է հետևյալ հերթականությամբ՝ 1) խմբային փուլում հավաքած միավորներ, 2) շահած լեգերի քանակ, 3) տուրի ընթացքում միջին ցուցանիշ, 4) ամենակարճ լեգ, 5) ամենամեծ փակում, 6) 140+ քանակ, 7) 100+ քանակ, 8) բաց վիճակահանություն։
Փլեյ-օֆֆի զույգերը կազմվում են ըստ խմբային փուլի արդյունքների՝ 1․6․1 կետի չափանիշներով որոշված դիրքերի հիման վրա խաչաձև՝ ամենաբարձր դիրք ունեցող խաղացողն ընդդեմ ամենացածր դիրք ունեցողի, հաջորդ ամենաբարձրն ընդդեմ հաջորդ ամենացածրի և այլն։
1/2 եզրափակիչ ունեցող բոլոր ձևաչափերում կիսաեզրափակչի պարտվողները խաղում են 3-րդ տեղի համար։
Ստորև ներկայացված են խմբային փուլի կազմը և փլեյ-օֆֆին անցնողների քանակը 1-ից 24 մասնակցի համար։ Փլեյ-օֆֆի զույգերը կազմվում են 1․6․2 կետի համաձայն։
| № | Կազմը | Ընթացքը |
|---|---|---|
| 1 | Խաղ չկա | Տուրը համարվում է չկայացած։ Այն չի վերախաղարկվում և չի տեղափոխվում, վճարված մասնակցության վճարը վերադարձվում է, իսկ բաժանորդագրությամբ այցելությունը չի հանվում։ Հաջորդ տուրն անցկացվում է նախապես նախատեսված հաջորդ օրը։ |
| 2 | Անմիջապես եզրափակիչ | Երկու խաղացողներն անմիջապես խաղում են եզրափակիչ՝ մինչև 4 շահած լեգ։ Երկուսն էլ ստանում են եզրափակիչ հասնելու համար նախատեսված միավորները, իսկ հաղթողը՝ նաև առաջին տեղի միավորները։ Եզրափակչի լեգերն ու բոնուսները հաշվարկվում են սովորական կարգով՝ ինչպես խմբային փուլի ժամանակ։ |
| 3 | 1 խումբ՝ 3 խաղացող | Յուրաքանչյուրը խաղում է մյուս երկուսի դեմ։ Երկու լավագույնները խաղում են եզրափակիչ, իսկ երրորդ խաղացողը զբաղեցնում է 3-րդ տեղը։ |
| 4 | 1 խումբ՝ 4 խաղացող | Յուրաքանչյուրը խաղում է բոլորի դեմ։ 1-ին և 2-րդ տեղերը խաղում են եզրափակիչ, իսկ 3-րդ և 4-րդ տեղերը առանձին հանդիպում են անցկացնում՝ վերջնական 3-րդ և 4-րդ տեղերը որոշելու համար։ |
| 5 | 1 խումբ՝ 5 խաղացող | Խմբի առաջին չորսը դուրս են գալիս կիսաեզրափակիչ՝ 1-ինն ընդդեմ 4- րդի, 2-րդն ընդդեմ 3-րդի։ Հաղթողները խաղում են եզրափակիչ, պարտվողները՝ 3-րդ տեղի համար։ Խմբի 5-րդ տեղը դառնում է տուրի վերջնական 5-րդ տեղը։ |
| 6 | 1 խումբ՝ 6 խաղացող | Առաջին չորսը անմիջապես անցնում են կիսաեզրափակիչ։ Կիսաեզրափակչի պարտվողները խաղում են 3-րդ տեղի համար։ 5-րդ և 6-րդ տեղերը առանձին հանդիպում են անցկացնում՝ վերջնական 5-րդ և 6-րդ տեղերը որոշելու համար։ Կիսաեզրափակիչ անցած խաղացողները ստանում են այդ փուլ հասնելու համար նախատեսված միավորները։ Քանի որ այս ձևաչափում 1/4 եզրափակիչ նախատեսված չէ, այդ փուլի միավոր և առանձին «խմբից դուրս գալու» միավոր չի տրվում։ |
| 7 | 2 խումբ՝ 4 և 3 | Բոլոր յոթ խաղացողները դուրս են գալիս խմբերից և ընդգրկվում 1/4 եզրափակչի ցանցում։ 4 հոգանոց խմբի հաղթողը մրցակից չունենալու պատճառով ստանում է ազատ անցում, 1/4 եզրափակիչը հաղթահարելու համար նախատեսված միավորը և անցնում է կիսաեզրափակիչ։ Մնացած վեց խաղացողները խաղում են երեք 1/4 եզրափակիչ։ |
| № | Կազմը | Ընթացքը |
|---|---|---|
| 8 | 2 խումբ՝ 4 + 4 | Բոլոր խաղացողները դուրս են գալիս խմբերից և կազմում 1/4 եզրափակչի 8 հոգանոց ստանդարտ ցանցը։ |
| 9 | 2 խումբ՝ 5 + 4 | Յուրաքանչյուր խմբից դուրս են գալիս չորս լավագույնները։ Ընդհանուր 8 խաղացող անցնում է 1/4 եզրափակիչ։ |
| 10 | 2 խումբ՝ 5 + 5 | Յուրաքանչյուր խմբից դուրս են գալիս չորս լավագույնները։ Ընդհանուր 8 խաղացող անցնում է 1/4 եզրափակիչ։ |
| 11 | 3 խումբ՝ 4 + 4 + 3 | Երկու 4 հոգանոց խմբերից դուրս են գալիս 3-ական լավագույնները, իսկ 3 հոգանոց խմբից՝ 2 լավագույնները։ Ընդհանուր 8 խաղացող անցնում է 1/4 եզրափակիչ։ |
| 12 | 3 խումբ՝ 4 + 4 + 4 | Յուրաքանչյուր խմբից դուրս են գալիս 1-ին և 2-րդ տեղերը՝ ընդհանուր 6 խաղացող։ Երեք 3-րդ տեղերից խմբային արդյունքներով ընտրվում են երկու լավագույնները։ Ընդհանուր 8 խաղացող անցնում է 1/4 եզրափակիչ։ |
| 13 | 3 խումբ՝ 5 + 4 + 4 | Յուրաքանչյուր խմբից դուրս են գալիս 1-ին և 2-րդ տեղերը։ 5 հոգանոց խմբի 3-րդ տեղը նույնպես դուրս է գալիս ավտոմատ, քանի որ այդ խմբի խաղացողներն ավելի շատ հանդիպումներ են անցկացնում (տես 1․5)։ Երկու 4 հոգանոց խմբերի 3-րդ տեղերը համեմատվում են 1․6․1 կետով, և նրանցից լավագույնը դառնում է 8-րդ մասնակիցը։ |
| 14 | 3 խումբ՝ 5 + 5 + 4 | Երկու 5 հոգանոց խմբերից դուրս են գալիս 3-ական լավագույնները, իսկ 4 հոգանոց խմբից՝ 2 լավագույնները։ Ընդհանուր 8 խաղացող անցնում է 1/4 եզրափակիչ։ |
| 15 | 3 խումբ՝ 5 + 5 + 5 | Յուրաքանչյուր խմբից դուրս են գալիս 1-ին և 2-րդ տեղերը՝ ընդհանուր 6 խաղացող։ Երեք 3-րդ տեղերից խմբային արդյունքներով ընտրվում են երկու լավագույնները։ Ընդհանուր 8 խաղացող անցնում է 1/4 եզրափակիչ։ |
| № | Կազմը | Ընթացքը |
|---|---|---|
| 16 | 4 խումբ՝ 4 + 4 + 4 + 4 | Յուրաքանչյուր խմբից դուրս են գալիս երեք լավագույնները՝ ընդհանուր 12 խաղացող։ Խմբերի հաղթողները 1/8 եզրափակչում ստանում են ազատ անցում և անմիջապես անցնում 1/4 եզրափակիչ։ 2-րդ և 3-րդ տեղերի 8 խաղացողները անցկացնում են 1/8 եզրափակչի 4 հանդիպում։ |
| 17 | 4 խումբ՝ 5 + 4 + 4 + 4 | Յուրաքանչյուր խմբից դուրս են գալիս երեք լավագույնները՝ ընդհանուր 12 խաղացող։ Խմբերի հաղթողները ստանում են ազատ անցում և անմիջապես անցնում 1/4 եզրափակիչ։ 2-րդ և 3-րդ տեղերը խաղում են 1/8 եզրափակիչ։ |
| 18 | 4 խումբ՝ 5 + 5 + 4 + 4 | Յուրաքանչյուր խմբից դուրս են գալիս երեք լավագույնները՝ ընդհանուր 12 խաղացող։ Խմբերի հաղթողները ստանում են ազատ անցում և անմիջապես անցնում 1/4 եզրափակիչ։ 2-րդ և 3-րդ տեղերը խաղում են 1/8 եզրափակիչ։ |
| 19 | 4 խումբ՝ 5 + 5 + 5 + 4 | Յուրաքանչյուր խմբից դուրս են գալիս երեք լավագույնները՝ ընդհանուր 12 խաղացող։ Խմբերի հաղթողները ստանում են ազատ անցում և անմիջապես անցնում 1/4 եզրափակիչ։ 2-րդ և 3-րդ տեղերը խաղում են 1/8 եզրափակիչ։ |
| 20 | 4 խումբ՝ 5 + 5 + 5 + 5 | Յուրաքանչյուր խմբից դուրս են գալիս երեք լավագույնները՝ ընդհանուր 12 խաղացող։ Խմբերի հաղթողները ստանում են ազատ անցում և անմիջապես անցնում 1/4 եզրափակիչ։ 2-րդ և 3-րդ տեղերը խաղում են 1/8 եզրափակիչ։ |
| 21 | 4 խումբ՝ 6 + 5 + 5 + 5 | Յուրաքանչյուր խմբից դուրս են գալիս երեք լավագույնները՝ ընդհանուր 12 խաղացող։ Խմբերի հաղթողները ստանում են ազատ անցում և անմիջապես անցնում 1/4 եզրափակիչ։ 2-րդ և 3-րդ տեղերը խաղում են 1/8 եզրափակիչ։ |
| 22 | 4 խումբ՝ 6 + 6 + 5 + 5 | Յուրաքանչյուր խմբից դուրս են գալիս երեք լավագույնները՝ ընդհանուր 12 խաղացող։ Խմբերի հաղթողները ստանում են ազատ անցում և անմիջապես անցնում 1/4 եզրափակիչ։ 2-րդ և 3-րդ տեղերը խաղում են 1/8 եզրափակիչ։ |
| 23 | 4 խումբ՝ 6 + 6 + 6 + 5 | Յուրաքանչյուր խմբից դուրս են գալիս երեք լավագույնները՝ ընդհանուր 12 խաղացող։ Խմբերի հաղթողները ստանում են ազատ անցում և անմիջապես անցնում 1/4 եզրափակիչ։ 2-րդ և 3-րդ տեղերը խաղում են 1/8 եզրափակիչ։ |
| 24 | 4 խումբ՝ 6 + 6 + 6 + 6 | Յուրաքանչյուր խմբից դուրս են գալիս երեք լավագույնները՝ ընդհանուր 12 խաղացող։ Խմբերի հաղթողները ստանում են ազատ անցում և անմիջապես անցնում 1/4 եզրափակիչ։ 2-րդ և 3-րդ տեղերը խաղում են 1/8 եզրափակիչ։ |
Յուրաքանչյուր լիգայի Գրանդ ֆինալը տվյալ լիգայի հիմնական տուրերի ամփոփիչ մրցաշարն է։ Խաղի տեսակը, լեգերի քանակը և այլ հատուկ խաղային պայմանները հրապարակվում են տվյալ լիգայի առանձին նկարագրության մեջ։
Գրանդ ֆինալին մասնակցելու իրավունք ունի յուրաքանչյուր խաղացող, ով տվյալ լիգայի մրցաշրջանի ընթացքում փաստացի մասնակցել է առնվազն մեկ տուրի։
Փաստացի մասնակցություն է համարվում այն տուրը, որին խաղացողը ներկայացել և մասնակցել է պաշտոնական խաղերին։ Միայն նախնական գրանցումը, Telegram-ում «+» նշելը կամ չներկայանալը մասնակցություն չի համարվում։ Փոխանցված այցելությամբ (տես 2․4) խաղացված տուրը համարվում է փաստացի մասնակցություն։
Գրանդ ֆինալին մասնակցում է առավելագույնը 24 խաղացող։ Եթե մասնակցության իրավունք ունեցողների թիվը 24-ից ավելի է, մասնակցում են վերջնական վարկանիշի 24 լավագույն խաղացողները։
Լիգայի բոլոր հիմնական տուրերի ավարտից հետո ձևավորվում է տվյալ լիգայի վերջնական վարկանիշային աղյուսակը։ Գրանդ ֆինալի մրցաշարային ցանցում խաղացողների վարկանիշային տեղաբաշխումը, ազատ անցումները և զույգերի կազմը որոշվում են միայն այդ աղյուսակի հիման վրա։
Եթե երկու կամ ավելի խաղացողներ ունեն հավասար վարկանիշային միավորներ, մրցաշարային ցանցում նրանց հերթականությունը որոշվում է հետևյալ չափանիշներով՝ 1) տուրերում զբաղեցրած առաջին տեղերի քանակ, 2) երկրորդ տեղերի քանակ, 3) երրորդ տեղերի քանակ, 4) լիգայի բոլոր տուրերի ընթացքում շահած պաշտոնական հանդիպումների քանակ, 5) միմյանց միջև անցկացրած հանդիպումների արդյունքները, 6) բաց վիճակահանություն։ Ազգանունների այբբենական հերթականությունը մարզական տեղաբաշխման չափանիշ չէ։
Գրանդ ֆինալում միավորներ տրվում են միայն վերջնական տեղի համար՝ 1-ին տեղից մինչև վերջին մասնակիցը։ Յուրաքանչյուր տեղի միավորը հայտարարվում է տվյալ լիգայի նկարագրության մեջ։ Գրանդ ֆինալում շահած լեգերի, փուլ հասնելու կամ բոնուսների համար առանձին միավոր չի տրվում։
Գրանդ ֆինալը միշտ անցկացվում է Double Elimination (կրկնակի դուրս մնալու) համակարգով՝ վերին և ստորին ցանցերով։ Խաղացողը մրցաշարից դուրս է մնում երկրորդ պարտությունից հետո։
Վերջնական վարկանիշի առաջին չորս տեղերը զբաղեցրած խաղացողները Գրանդ ֆինալում իրենց մասնակցությունն սկսում են մեկ փուլ ավելի բարձրից։ Կախված մասնակիցների ընդհանուր քանակից՝ այդ փուլը կարող է լինել 1/4 կամ 1/8 եզրափակիչը։ Առաջին և երկրորդ տեղերը տեղադրվում են ցանցի տարբեր կեսերում, իսկ երրորդ և չորրորդ տեղերը՝ տարբեր քառորդներում, որպեսզի առաջին չորսը վաղ փուլերում միմյանց չհանդիպեն։ 8 և ավելի քիչ մասնակցի դեպքում այս կանոնը չի կիրառվում։ Գործում է սովորական ցանց, որտեղ ազատ անցումներ ստանում են ամենաբարձր տեղերը։
Հինգերորդ տեղից սկսած մասնակիցները դասավորվում են ըստ վերջնական վարկանիշի։ Զույգերը կազմվում են «ամենաբարձր դիրք ունեցող մասնակիցն ընդդեմ ամենացածր դիրք ունեցող մասնակցի» սկզբունքով։ Հաջորդ ամենաբարձր դիրք ունեցող մասնակիցը հանդիպում է հաջորդ ամենացածր դիրք ունեցող մասնակցին, և նույն տրամաբանությունը շարունակվում է մինչև բոլոր հնարավոր զույգերի կազմումը։
Եթե առաջին չորսից հետո մնացած մասնակիցների քանակը կենտ է կամ ամբողջական ցանց կազմելու համար պահանջվում են լրացուցիչ ազատ անցումներ, դրանք հաջորդաբար տրվում են առավել բարձր վարկանիշ ունեցող խաղացողներին՝ սկսած 5-րդ տեղից։ Ազատ անցումը չի կարող պատահականորեն տրվել ավելի ցածր դիրք ունեցող խաղացողին, եթե նրանից բարձր դիրք ունեցող մասնակիցը դեռ պետք է խաղա տվյալ փուլում։
Օրինակ՝ 17 մասնակցի դեպքում առաջին չորսը սկսում են մեկ փուլ ավելի բարձրից։ Մնացած 13 խաղացողներից 5-րդ տեղը զբաղեցրած խաղացողը ստանում է լրացուցիչ ազատ անցում, իսկ զույգերը կազմվում են հետևյալ կերպ՝ 6-րդն ընդդեմ 17-րդի, 7-րդն ընդդեմ 16-րդի, 8-րդն ընդդեմ 15-րդի, 9-րդն ընդդեմ 14-րդի, 10-րդն ընդդեմ 13-րդի և 11-րդն ընդդեմ 12-րդի։ Հաջորդ փուլերի համար անհրաժեշտ բոլոր ազատ անցումները նույնպես նախապես բաշխվում են լիգայի բոլոր տուրերից հետո ձևավորված վերջնական վարկանիշի հիման վրա։
Գրանդ ֆինալի ամբողջական ցանցը՝ ներառյալ վերին և ստորին ցանցերի բոլոր զույգերն ու ազատ անցումները, կազմվում և հրապարակվում է մինչև մրցաշարի մեկնարկը։ Հրապարակումից հետո նոր վիճակահանություն կամ վարկանիշային վերատեղաբաշխում չի կատարվում։
Եթե հրապարակումից հետո մասնակիցը հրաժարվում է կամ չի ներկայանում, նրա հանդիպումները գրանցվում են 1․8․5 կետի համաձայն։ Ցանցի կառուցվածքը չի փոփոխվում, իսկ փոխարինող մասնակից չի ավելացվում։
Գրանդ ֆինալի հանդիպմանը չներկայացած խաղացողին սպասում են 10 րոպե։ Այդ ժամկետից հետո նրան գրանցվում է պարտություն, իսկ մրցակցին՝ հաղթանակ։ Վերին ցանցում այդ պարտությունը խաղացողին ուղարկում է ստորին ցանց, իսկ ստորին ցանցում՝ նա դուրս է մնում մրցաշարից։ Երկրորդ չներկայանալը երկրորդ պարտություն է և նշանակում է դուրս մնալ։ Տեխնիկական հաղթանակի համար խաղային հաշիվ չի գրանցվում։
Նետման պահին գծի մոտ գտնվում է միայն նետող խաղացողը։ Մրցակիցը պետք է կանգնի նրանից առնվազն մեկ ամբողջական քայլ հետ և, հնարավորության դեպքում, մի փոքր կողք։
Դրոտիկի կամ անձնական գույքի անսպասելի վնասման դեպքում թույլատրվում է ողջամիտ կարճ տեխնիկական դադար։ Այն չպետք է անհարկի երկարացվի կամ օգտագործվի մրցակցի ընթացքը խանգարելու համար։
Մարկերի դերը կատարում է ցանկացողը։ Ցանկալի է, որ դա լինի արդեն պարտված կամ իր հանդիպմանը դեռ երկար սպասող խաղացողը։ Մարկերը պարտավոր է լինել չեզոք՝ անկախ նրանից, թե ովքեր են խաղում։ Խաղացողի մոտեցման ընթացքում նա կանգնում է այնպես, որ տեսնի թիրախն ու հաշվի ցուցատախտակը, և մնում է դեմքով դեպի դրանք։
Եթե մարկերի դիրքից նետումը լավ չի երևում, նա կարող է խնդրել չհանել դրոտիկները, մոտենալ և ստուգել սեկտորը կամ ստանալ երկու խաղացողների հաստատումը։ Նետումը ստուգելը սովորական ընթացակարգ է և որևէ խաղացողի նկատմամբ անվստահություն չի նշանակում։
Արգելվում են պայմանավորված հանդիպումները, արդյունքի նախօրոք համաձայնեցումը և մրցակցության ազնվությունը խախտող ցանկացած այլ գործողություն։ Խախտումը հաստատվելու դեպքում կազմակերպիչը կարող է խաղացողին հանել լիգայից և զրոյացնել նրա միավորները։ Որոշումը կայացնում է կազմակերպիչը։
Կանոնների խախտման դեպքում պատժամիջոցները կիրառվում են հետևյալ հերթականությամբ՝ 1) նախազգուշացում, 2) տվյալ լեգի կորուստ, 3) մրցաշարից հեռացում։ 1․9․3 կետում նշված խախտման դեպքում կազմակերպիչը կարող է անմիջապես կիրառել հեռացում։
Կոնկրետ նետման կամ հաշվի վերաբերյալ հարցը լուծվում է անմիջապես՝ մինչև դրոտիկները հանելը կամ հաջորդ մոտեցման մեկնարկը։ Հաջորդ մոտեցումից հետո ուղղվում են միայն ակնհայտ հաշվարկային սխալները։
Արդյունքը կարող է փոխվել հաստատված գրանցման, հաշվարկման, ծրագրային կամ հրապարակված կանոնի կիրառման սխալի դեպքում։ Այն կարծիքը, որ մեկ այլ խաղացող «ավելի արժանի էր» տվյալ տեղին, ինքնին արդյունքը փոխելու հիմք չէ։
Եթե սխալը վերաբերում է մի քանի նույնատիպ դեպքերի, այն ուղղվում է բոլորի նկատմամբ նույն սկզբունքով։ Մեկ արդյունքի ընտրովի փոփոխություն չի կատարվում։
Տուրի արդյունքների հրապարակումից հետո ակնհայտ սխալի ուղղման վերաբերյալ դիմումը ներկայացվում է 24 ժամվա ընթացքում։ Այդ ժամկետից հետո արդյունքները համարվում են վերջնական։ Նախորդ տուրերի արդյունքները մնում են անփոփոխ։ Սույն կանոնները հետադարձ ուժով չեն կիրառվում և ուժի մեջ են մտնում Darts Arena-ի հայտարարած հաջորդ տուրից։
Վճարային և բաժանորդագրության կարգը՝ միասնական բոլոր լիգաների համար։
Ստորև ներկայացված վճարային և բաժանորդագրության կարգը, Գրանդ ֆինալին մասնակցելու իրավունքի և հավատարմության բոնուսների կանոնները կիրառվում են Darts Arena-ի բոլոր լիգաներում, եթե տվյալ լիգայի նկարագրությամբ այլ բան սահմանված չէ։ Լիգայի նկարագրությամբ կարող են սահմանվել տուրերի քանակը, բաժանորդագրության արժեքը, մասնակցության վճարները, մրցանակային ֆոնդը և տվյալ լիգային վերաբերող այլ պայմաններ։
Առանց բաժանորդագրության մեկ տուրին մասնակցելու վճարը կազմում է 2 500 դրամ։
Բաժանորդագրությունը կապված չէ օրացուցային ամսվա հետ։ Այն ձեռք է բերվում կոնկրետ լիգայի ամբողջ փուլի համար՝ մինչև այդ փուլի առաջին տուրը, և գործում է մինչև տվյալ փուլի ավարտը։ Բաժանորդագրություն տրվում է միայն ամբողջ փուլի համար։ Առանձին տուրերի կամ փուլի մասի համար այն չի տրվում։ Նախապես ձեռք բերված բաժանորդագրության արժեքն ամբողջ փուլի ընթացքում չի փոխվում։
Վերևի գները վեց տուրանոց լիգայի համար են։ Այլ քանակով տուրեր ունեցող լիգայի բաժանորդագրության արժեքը և այցելությունների քանակը հայտարարվում են նրա նկարագրության մեջ։ Մեկ լիգայի բաժանորդագրությամբ մեկ այցելության հաշվարկային արժեքը կազմում է 2 000 դրամ։ Երկու լիգայի բաժանորդագրությունն ընդհանուր հաշվարկով ավելի շահավետ է և ներառում է 12 այցելություն՝ յուրաքանչյուրն արժենալով մոտ 1 833 դրամ։
Մեկ լիգայի բաժանորդագրություն ունեցող խաղացողը կարող է միայն մեկ բաց թողնված այցելություն փոխանցել՝ ըստ իր ընտրության՝ կա՛մ նույն ժամանակահատվածում զուգահեռ անցկացվող մեկ այլ լիգա, կա՛մ նույն լիգայի հաջորդ տուրերին՝ նույն ձևաչափով։ Երկրորդ և հաջորդ բաց թողնված այցելությունները չեն փոխանցվում և դրանց համար լրացուցիչ զեղչ չի տրամադրվում, քանի որ բաժանորդագրության արժեքն արդեն ներառում է զեղչ։
Երկու լիգայի բաժանորդագրությունը ներառում է 12 այցելություն՝ 22 000 դրամ ընդհանուր արժեքով։ Խաղացողը կարող է փոխանցել առավելագույնը երկու բաց թողնված այցելություն՝ անկախ նրանից, թե երկուսն էլ բաց է թողել նույն լիգայում, թե յուրաքանչյուր լիգայում՝ մեկական։ Այդ երկու այցելությունները գրանցվում են որպես բոնուս և կարող են օգտագործվել հաջորդ լիգայի ընթացքում՝ մինչև այդ լիգայի փուլի ավարտը։
| Բաժանորդագրություն | Փոխանցվող այցելություններ | Օգտագործման կարգ |
|---|---|---|
| Մեկ լիգա | Առավելագույնը 1 | Ըստ ընտրության՝ նույն ժամանակահատվածում զուգահեռ անցկացվող մեկ այլ լիգայում կամ նույն լիգայի հաջորդ տուրերում՝ նույն ձևաչափով |
| Երկու լիգա | Առավելագույնը 2 | Հաջորդ լիգայի ընթացքում՝ որպես բոնուսային այցելություններ |
Փոխանցված այցելությունները դրամական փոխհատուցում չեն համարվում, կանխիկ չեն վերադարձվում և չեն փոխանցվում այլ խաղացողի։ Մեկ բաց թողնված տուրի համար միաժամանակ մեկից ավելի արտոնություն չի կիրառվում։ Երկու լիգայի բաժանորդագրությամբ բոնուս է գրանցվում առավելագույնը երկու բաց թողնված այցելության համար։
Առանց բաժանորդագրության՝ յուրաքանչյուր տուրի համար առանձին վճարող խաղացողների նկատմամբ կիրառվում է հետևյալ բոնուսը։
Գրանդ ֆինալի մասնակցության վճարը կախված է տվյալ մրցաշրջանի ընթացքում խաղացողի փաստացի մասնակցած տուրերի քանակից։ Վերջնական վարկանիշի առաջին վեց տեղերը զբաղեցրած խաղացողները մասնակցում են անվճար։
| Դիրք / մասնակցություն | Գրանդ ֆինալի վճար |
|---|---|
| Վերջնական վարկանիշի 1-6-րդ տեղեր | Մասնակցության վճար չի գանձվում |
| 7-րդ և հաջորդ տեղեր՝ 1 փաստացի մասնակցություն | 5 000 դրամ |
| 7-րդ և հաջորդ տեղեր՝ 2 փաստացի մասնակցություն | 4 000 դրամ |
| 7-րդ և հաջորդ տեղեր՝ 3 և ավելի մասնակցություն | 2 500 դրամ՝ ստանդարտ վճար |
Վճարի չափը որևէ կերպ չի փոխում խաղացողի վարկանիշային դիրքը, մրցաշարային ցանցում նրա տեղաբաշխումը կամ մրցակիցների ընտրության կարգը։
Եթե տուրը չի կայանում (1․6 կետ), վճարված մասնակցության վճարը վերադարձվում է, իսկ բաժանորդագրությամբ այցելությունը չի հանվում։